Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկություն են անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող տներից մեկում։ Այս մասին Թրամփը հայտարարություն է արել։
«Համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքից ու համագործակցությունից հետո այս չհայտարարված ստուգայցն իմ տանը ոչ անհրաժեշտ էր, ոչ էլ տեղին», - նշել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի խոսքով՝ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել օգոստոսի 8-ին, որի ժամանակ բացել են անգամ չհրկիզվող պահարանը։
Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին, խուզարկությունը կապված է եղել նախկին նախագահի տանը գտնվող գաղտնի փաստաթղթերի հետ։
«Խուզարկությունը կենտրոնացած էր այն նյութերի վրա, որոնք պարոն Թրամփն իր հետ իր անձնական ակումբ ու նստավայր Մար-ա-Լագո էր բերել Սպիտակ տունը լքելիս։ Արկղերի պարունակությանը ծանոթ մարդու խոսքով՝ դրանցում գաղտնի փաստաթղթերի բազմաթիվ էջեր էին», - գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Ազգային արխիվի պաշտոնյաների պահանջից հետո Թրամփն ամիսներ շարունակ հետաձգել է կարևոր նյութերով 15 տուփի վերադարձը և արել է դա միայն այն ժամանակ, երբ սպառնացել են դրանց վերադարձման համար միձոցներ ձեռնարկել։
Ինչպես հայտարարել է NYT-ի աղբյուրը, հետախուզությունը մասամբ իրականացվել է՝ պարզելու համար, թե արդյոք նախկին նախագահի տանը որևէ կարևոր փաստաթուղթ չի մնացել։