Հասարակություն 

ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է

analitik.am

ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը, որը ՌԴ-ում 6 տարի պատիժը կրելուց հետո տեղափոխվել և շարունակում է պատիժը կրել ՀՀ-ում, արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա օգոստոսի 2-ից հայտարարել է հացադուլ։ Նավիկյանի փոխանցմամբ՝ Առաքելյանը պահանջում է բարձր անվտանգային գոտուց տեղափոխվել միջին անվտանգային գոտի:

«Վերջինիս բացատրվել է, որ համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 69-րդ հոդվածի դրույթների՝ հաշվի է առնվում դատապարտյալի դրսևորած դրական վարքագիծը: Իսկ Ա. Առաքելյանը ՀՀ տեղափոխվելուց հետո բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի: Ներկայում կարգապահական խախտում թույլ տալու համար գտնվում է պատժախցում»,-նշեց Նավիկյանը՝ ավալացնելով, թե Արմավիր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից Ա. Առաքելյանի հետ պարբերաբար իրականացվում են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական աշխատանքներ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ-ում ռեստորաններից մեկում՝ էթնիկ հարաբերությունների ֆոնին, մասնավորապես, ադրբեջանցին հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները, ինչից հետո վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է ադրբեջանցու սպանությամբ:

Արման Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով, որից 6-ը նա կրել Մուրմանսկի ՔԿՀ-ում։ Առաքելյանը հայրենիք է տեղափոխվել ավելի քան մեկ տարի առաջ՝ 2021թ մարտին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր վերջինիս դատավճիռը, Առաքելյանը շարունակում է կրել պատիժը՝ ՀՀ-ում։

Նույն շարքից