Հասարակություն 

Գյումրիում կնշվի երիտասարդների տոնը. ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում

analitik.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիում  նախապատրաստվում են ամենասպասված տոնին՝ երիտասարդների միջազգային օրվան, որն այս քաղաքում նշվում է 8 տարի անընդմեջ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից  հռչակվել է որպես  երիտասարդների տոն ու առաջին անգամ նշվել  2000 թվականին։ ՄԱԿ-ն է ամեն տարի որոշում ու հայտարարում խորագիրը, որի շրջանակում պիտի անցկացվեն միջոցառումները։ Այս տարվանը «Սերունդների համերաշխությունն» է։

Հայաստանում առաջին անգամ նշվել է 2015 թվականին Գյումրիում՝ երիտասարդների հարցերով զբաղվող ամենաակտիվ կազմակերպություններից մեկի՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի շնորհիվ։ Այս կառույցն ամեն տարի հանդես է եկել ինքնատիպ միջոցառումներով՝ կոնֆերանսներով, ֆլեշմոբերով, համերգային ծրագրերով, գունային փառատոներով (color festival), նույնիսկ  համավարակի տարածման պայմաններում չեն հրաժարվել տոնից՝ նշելով առցանց հարթակում։

Վաղվանից մեկնարկում են միջոցառումները՝ նախ Սպիտակում, ապա Գյումրիում։ Կամավորները հեծանվաերթով  տեղեկատվական արշավ կկազմակերպեն՝ շրջելով թաղ առ թաղ, բնակիչներին իրազեկելով տոնի, վերջինիս խորհրդի , սպասվող միջոցառումների մասին։

Անցորդներին հնարավորություն կտան լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով ու ստանալ իրենց լուսանկարը։

Հետաքրքական է, որ Սպիտակում  հեծանվաերթին կմասնակցի նաև քաղաքապետը՝ հեծանվով շրջելով քաղաքի փողոցներով ու շնորհավորելով սպիտակցի երիտասարդներին։

Իսկ Գյումրիում օգոստոսի 12-ին տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն՝ օգտակար զեկույցներ՝ անձնական տվյալների պաշպանության, սերունդների համերաշխության, ձեռնարկատիրության և տուրիզմի թեմաներով,  նախատեսված է անցկացնել նաև «Էքսպո տոնավաճառ», ժամանցային ոչ ֆորմալ հավաքույթ։

Միջոցառումները կմեկնարկեն «Երիտասարդական չկոնֆերանս»-ով, որը կրում է «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագիրը։

«Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այս տարի տոնն անցկացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus +Երիտասարդություն» և  «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ, որտեղ և անցկացվելու է «Երիտասարդական Չկոնֆերանս»-ը։

Նույն շարքից