Հասարակություն Պատահարներ 

ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին պատկանող «Արզնի» առողջարանում հայտնաբերվել է տղամարդու դի, գեներալն ահազանգել է, որ տեղի է ունեցել խուլիգանություն. Shamshyan.com

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Արզնի առողջարան» ՓԲԸ տնօրեն, Երևանի բնակիչ, 71-ամյա Արարատ Մահտեսյանը ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում ինքը առողջարանի 221 սենյակում բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր։

Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ անձինք մահացած Գ. Հարությունյանի որդիներն են ու եղբայրը։

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Մահտեսյանը կոչումով գեներալ-լեյտենանտ է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություններ, որ Ա. Մահտեսյանը «գույները խտացնում է»։

Նույն շարքից