Հասարակություն 

Շատ նորմալ գեներալ էր՝ պատերազմի բովով անցած․ Առաքել Մովսիսյան

analitik.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, Oragir.news-ը հարցրեց, թե ըստ իրեն՝ ինչպես են հիշելու իր մարտական ընկերոջը՝ երեկ վախճանված գեներալ Սեյրան Սարոյանին։

Մովսիսյանը պատասխանեց․ «Սեյրան Սարոյանն իմ մարտական ընկերն էր, առաջինը դա ասեմ։ Ես նոր իմացա, որ մահացել է, Վրաստանից գալիս եմ, ճանապարհին եմ, գամ հասնեմ, որ մասնակցեմ պանիխիդային։ Տեղյակ չեմ, թե ինչից է մահացել, գիտեմ, որ հիվանդ էր»։

Հարցրինք՝ ինչպիսի գեներալ էր Սեյրան Սարոյանը․ «Ո՞նց, գեներալի ինչպիսին որն է, շատ նորմալ գեներալ էր՝ պատերազմի բովով անցած»,- արձագանքեց Մովսիսյանը։

Առաքել Մովսիսյանին նաև հարցրինք, թե Սեյրան Սարոյանն ու ինքը երբևէ միասին քննարկե՞լ պատերազմում մեր պարտությունն ու Արցախի հանձնումը, ներկայիս զիջումները։ «Դուք որպես հայ հանգիստ քնո՞ւմ եք, մենք էլ ընդհանրապես չենք քնում։ Եթե մի հայ հանգիստ քնում է, ուրեմն ինքը հայ չի»,- պատասխանեց Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո նախօրեին մահացած գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին։ Գեներալի հոգեհանգիստը լինելու է Էջմիածին քաղաքի Մաշտոցի 83 հասցեից, ժամը 14։00-ից 18։00-ը։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին, գեներալի ծննդավայրում՝ Հայկաշեն գյուղում։

Նույն շարքից