Հասարակություն 

Միսակ Մարգարյանը պայթյունի պահին բակում է եղել, փորձել է օգնել մի կնոջ, բայց չի հասցրել. երկուսն էլ զոհվել են

analitik.am

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Միսակ Մարգարյանը 57 տարեկան էր, երկար տարիներ տաքսու վարորդ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միսակ Մարգարյանի հարազատներից մեկը:

Հարազատը պատմեց, որ դեպքի օրը Միսակը ընկերների հետ դրսում է եղել՝ առևտրի կենտրոնի հարակից տարածքում. «Ականատեսները պատմել են, որ առաջին պայթյունի ժամանակ Միսակը փորձել է փլատակների տակ մնացած մի կնոջ օգնել, բայց երբ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, երկուսն էլ մահացել են»:

Միսակ Մարգարյանը ունի մեկ տղա և մեկ աղջիկ: Դեպքից 1.5 ժամ առաջ Միսակը խոսել է երեխաներից մեկի հետ, նոր ծնված թոռան լուսանկարն է տեսել: «Թոռնիկին մեկ անգամ հասցրեց գրկել»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նույն շարքից