Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Ու՞մ պատճառով են տեղահանված մի խումբ արցախցիներ զրկվել վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից

analitik.am

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը:

Այս մասին նշել են Արցախի Հանրապետության դատախազությունից՝ հավելելով, որ ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն և, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել:
Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն:

Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին: Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի և ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ:
Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ:

Նույն շարքից