Առողջապահություն 

Հայաստանում հազվադեպ վիրահատություն են իրականացրել

analitik.am
Հայաստանում հազվադեպ վիրահատություն են իրականացրել: 6-ամյա Վիոլետայի վիրահատությունը անցել է բարեհաջող, նկատվում է դրական դինամիկա․ հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից:
«Ժպիտը՝ տրամադրության և տրամադրվածության խորհրդանիշ:
Ծանոթացե՛ք՝ Վիոլետան է: Նկարել, պարել ու շփվել սիրող աղջնակը 6 տարեկան է, Շիրակի մարզից:
Ուռուցքաբանության ազգային կենտրոն դիմել է ս.թ. փետրվարին՝ գանգատվելով ձախ թիակային շրջանում գոյացության առկայությունից, ցավերից, ձախ ձեռքի շարժումների սահմանափակումից:
Հետազոտությունների արդյունքում Վիոլետայի մոտ հայտնաբերվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ոսկրային ուռուցք: Այն չափսերով բավականին մեծ էր՝ 8 x 4սմ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները, համագործակցելով Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի հետ, ի դեմս՝ բաժանմունքի ղեկավար Լ. Սարգսյանի, բժիշկ Ռ. Պապյանի, խորհրդատվություններից հետո Վիեոլետային ուղեգրել են արյունաբանական կենտրոն, որտեղ նա ստացել է նախավիրահատական քիմիաթերապիայի 7 կուրս:
Քիմիաթերապիայի կուրսերից հետո նկատվել է ուռուցքի չափսերի գրեթե կրկնակի փոքրացում, ինչից հետո Վիոլետան տեղափոխվել է ՈՒԱԿ և վիրահատվել:
Անցկացվել է հազվադեպ իրականացվող վիրահատություն՝ թիակոսկրի հեռացում:
Վիրահատությունը կատարել են ՈՒԱԿ փոխտնօրեն, Ս. Սեինյանի անվան Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը, Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նարեկ Գինոյանը, օրթոպեդ Համլետ Մանուկյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:
Վիոլետայի վիրահատությունը անցել է բարեհաջող, նկատվում է դրական դինամիկա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնից դուրս գրվելուց հետո աղջնակը վերադառնալու է արյունաբանական կենտրոն և շարունակելու բուժման հերթական փուլը:
Դժվարին ճանապարհ անցած Վիոլետան ժպտում է, պատմում մյուս տարի դպրոց գնալու պլանների մասին, հպարտորեն շեշտում, որ արդեն թվեր է գրում, ինչպես նաև ծառայում ուժեղ լինելու, չհանձնվելու ու անընդհատ պայքարելու օրինակ բոլորիս համար:
Հ․Գ․ Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է:
Լուսանկարը հրապարակվել է ծնողների թույլտվությամբ»,- հայտնում են կենտրոնից:

Նույն շարքից