Ռազմական 

ՀՀ ՊՆ խոսնակը՝ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական ջոկատի մասին

analitik.am

«Ցանկացած վիրավորի դեպքում ՊՆ-ն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»,- ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ինչ վերաբերում է զոհվածների անունները չհրապարակելուն, նա նշեց, որ ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու:

«Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո»,- նշեց խոսնակը:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժերի կուտակել, ՊՆ խոսնակը ասաց․

«Զինված ուժերը ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները։ Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝նյութական և այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան եւ ինքնուրույն հետ գնան», ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական մի ջոկատ, մոտ 10-12 հոգանոց, շրջափակման մեջ է և եթե սնունդ եւ այլ ռեսուրսներ չստանա, հետ կքաշվի և կմիանա իրենց մնացած ուժերին:

Նույն շարքից