Միջազգային 

Իրանում շարունակվում են նախորդ շաբաթվանից սկիզբ առած հակակառավարական ցույցերը. Մանրամասներ

analitik.am

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են նախորդ շաբաթվա վերջին:

Բանն այն է, որ 22-ամյա Մահսա Ամինին ընտանիքի հետ Իրանական Քրդստանից Թեհրան է եկել հարազատներին տեսակցելու։ Սեպտեմբերի 13-ին բարոյահոգեբանական ծառայության աշխատակիցները Մահսային բերման են ենթարկել՝ հիջաբը «սխալ» կրելու համար։ Ոստիկանները եղբորը՝ Քիարաշին ասել են, որ աղջկան տանելու են ոստիկանություն՝ «վերադաստիարակության», որից հետո ազատ կարձակեն։ Մահսա Ամինին երկու ժամ անց տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ նա կոմայի մեջ է ընկել։

Քիարաշը IranWire-ին ասել է, որ երբ մոտեցել է ոստիկանական բաժանմունքին, շենքի բակում մոտ 60-70 մարդ է եղել։ Բերման ենթարկված մյուս կանանց համար հագուստ են բերել։ Որոշ ժամանակ անց մարդիկ լսել են բղավոցներ։ Քիարաշը պատմում է, որ ներկաները փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում ու թակել են շենքի դռները։ Ոստիկանները մահակներով և արցունքաբեր գազով ցրել են հավաքվածներին։

Այդ օրը ազատ արձակված կանայք Քիարաշին ասել են, որ ներսում մարդ է սպանվել։ Հիվանդանոցում նրան ասել են, որ քույրը սրտի կաթված և ինսուլտ է տարել, ինչի հետևանքով նրա ուղեղը դադարել է աշխատել։

Ականատեսներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, IranWire-ին պատմել է, որ ինքը Մահսայի հետ է եղել, երբ նա ուշագնաց է եղել: Կնոջ խոսքով՝ այդ պահին ոստիկանը ձերբակալվածներից պահանջել է նստել սենյակի մի կեսում։

«Նստելուց անմիջապես հետո տեսա, որ մեզանից մեկն ընկավ և գլուխը հարվածեց աթոռին»,- ասաց վկան։ Նրա խոսքով՝ մոտակայքում գտնվող կանայք փորձել են օգնել Մահսային, սակայն նա չի արձագանքել։ Մի քանի րոպե անց բուժաշխատողը եկավ: Նա աղջկան ինչ-որ թմրամիջոց է ներարկել ու սկսել սիրտ-թոքային վերակենդանացում անել։

Ես նայեցի Մահսայի դեմքին, միայն աչքերի սպիտակությունն էր երևում։ Մենք բոլորս սարսափած էինք։ Մենք գոռացինք. «Դուք մարդասպաններ եք։ Դու սպանեցիր նրան»:

Կարճ ժամանակ անց Մահսան տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության բաժանմունքից կանայք ազատ են արձակվել միայն այն բանից հետո, երբ ստուգվել են նրանց բոլորի հեռախոսները՝ կատարվածի լուսանկարների կամ տեսանյութերի համար․ «Մեզ նվաստացրել են, վիրավորել, բայց ոչ ոք չի ծեծել»։

Ոստիկանության պաշտոնական վարկածը՝ կայանում գտնվող աղջիկը սրտի կաթված է ստացել։

Աղջկա հարազատները կասկածի տակ են դնում իրադարձությունների պաշտոնական վարկածը, քանի որ նա սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել։ Հիվանդանոցից ստացված լուսանկարներում երևում են աջ ականջի շրջանում վնասվածքի հետքեր։ IranWire-ի հետ զրուցած բժիշկները ենթադրել են, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, գանգի հիմքի կոտրվածք ունի, որը նա ստացել է հարվածի արդյունքում։ Լրագրողները չեն բացառում, որ Մահսան կարող էր վնասվածք ստանալ ոստիկանական բաժանմունք գնալու ճանապարհին։ Վկաներ չկան։

Մահսա Ամինին մահացել է հիվանդանոցում սեպտեմբերի 16-ին։ Աղջկա մահվան մասին հայտարարությունը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում և նույնիսկ որոշ քաղաքներում հանգեցրել է փողոցային բողոքի ցույցերի: Առաջին ցուցարարները սկսել են հավաքվել հիվանդանոցի մոտ աղջկա մահվան օրը։ Միաժամանակ Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրում Մահսայի ընտանիքի վրա և պահանջում են հուղարկավորել առանց հրաժեշտի արարողության՝ անկարգությունները կանխելու համար։

Հաջորդ օրը աղջկան թաղել են իր հայրենի Սակկեզ քաղաքում։ Հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել, հայտնում է The Guardian-ը: Կանայք ի նշան համերաշխության հանել են գլխաշորերը։

Հուղարկավորությունից հետո քաղաքում բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները գնացել են մարզպետարանի մոտ՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ։ Ըստ IranWire-ի՝ ոստիկանությունը ուժով ցրել է ցուցարարներին, մասնավորապես, հաղորդվում է, որ իրավապահներն արցունքաբեր գազ ու հրազեն են կիրառել։ Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ առնվազն 38 մարդ վիրավորվել է, նրանցից հինգը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, երեքը՝ հրազենային վնասվածքներով։

Բազմաթիվ իրանցի կանայք ի նշան բողոքի սկսել են այրել իրենց հիջաբներն ու կտրել մազերը։

Մամուլը գրում է, որ սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: Տեղեկություն կա, որ ցույցերի ընթացքում կա առնվազն երեք զոհ:

Հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ Իրանի իշխանությունները հայտնել են, որ բողոքի ցույցերի պատճառով երկրում ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի:

Նույն շարքից