Քաղաքականություն 

Իմքայլական ավագանու անդամ Արման Անտոնյանը Թեհմինա Վարդանյանին և Անի Խաչատրյանին մեղադրու՞մ է իր դեմ մահափորձի մեջ

analitik.am

«Այս դահլիճում կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար։ Սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետեւ իրենք շատ թույլ եւ անպաշտպան ավագանու անդամներ են»: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Այո՛, մեզ հրավիրեցին Կոտայքի քննչական բաժին, այո՛, ես եւ Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետեւ ծիծաղելի էր այս ամենը։ Բնականաբար, անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար, բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է դա արվել. թողնում եմ ձեր երեւակայությանը»,- ասաց Անի Խաչատրյանը:

Թեհմինա Վարդանյանն էլ, լրացնելով Անի Խաչատրյանին, հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է մի ամբողջ օր կտրվեր իր առօրյայից, հրավիրվեր Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու: Այնուհետեւ նա ընթերցեց իրեն ուղարկված նամակը. «2022 թվականի հունիսի 21-ի նիստի տեսագրությամբ պարզվել է՝ դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը, մյուս օրը նորից կլորացրած աչքերով գալու եք նիստի ու ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Ասացեք, թե ի՞նչ եք նկատի ունեցել»:

Վարդանյանը, դիմելով Արման Անտոնյանին, նկատեց՝ ինքը, ի տարբերություն Արման Անտոնյանի, պարապության սինդրոմով չի տառապում. «Ձեզ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվել՝ գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության: Նորմալ չէ, երբ 40 տարական տղամարդը հասցնում է բաժին»:

Նույն շարքից