Բարի օր Քաղաքականություն 

Սեպտեմբերի 25. ճակատագրական ընտրություն

analitik.am

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Երասխին, Վայոց ձորի, Սյունիքի մարզերին, Արցախին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզին, մասնավորապես՝ Սևանա լճին: ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է նաև խուսափել M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

Հաշվի առնելով փորձը՝ կարելի է փաստել, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները երբեք հենց այնպես չեն լինում:

Վերոնշյալը նկատի ունենալով՝ Հայաստանում կայայանալիք ՏԻՄ ընտրությունները նոր, ավելի կարևոր իմաստ են ձեռք բերում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ընտրություններ պետք է կայանան մի շարք համայնքներում, այդ թվում Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան խոշորացված համայնքում: 2020 թվականից առաջ Սիսիանն ու Սյունիքի մարզն առհասարակ հարյուրավոր կիլոմետրեր հեռու էին ադրբեջանական ուժերից, այնինչ այսօրվա իշխանությունների թեթև ձեռքով այսօր թշնամին ոչ միայն հայ մարդու տան մեջ է, այլ նաև հասել ենք մի վիճակի, որ Հայաստանի տարածքի առնվազն կեսն արդեն վտանգավոր տարածք է համարվում:

Բայց, ինչպես երևում է, իշխանություններին դա այդքան էլ չի հետաքրքրում. Օրինակ այսօր իշխող ուժն իր մարդուն՝ Տիգրան Ավինյանին դարձրեց Երևանի փոխքաղաքապետ, իսկ Սիսիանում ուզում է համայնքապետ դարձնել ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, ում շեֆերի պատճառով այսօր նույն Սիսիանը վտանգավոր տարածք է համարվում:

Սիսիանցիները, ալավերդցիները, լոռիբերդցիները և առհասարակ բոլոր այն համայնքների բնակիչները, ովքեր սեպտեմբերի 25-ին ընտրելու են իրենց համայնքի ղեկավարին, ունեն լրջագույն հնարավորություն որևէ բան փոխելու՝ ընտրել իշխանությանը, ում պատճառով վտանգված է իրենց կյանքն ու Հայաստանի ապագան, թե այն ուժին, որը գոնե տեսականորեն հնարավորություն ունի շտկել իրավիճակը: Կա վստահություն, որ գոնե այս անգամ իշխանության ներկայացուցիչները չեն գրանցի հաջողություն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը չի քայլել նրանց համար:

Մի կողմից էլ ու՞ր քայլեր, չէ՞ որ անգամ Սիսիան գնալն է վտանգավոր, ուր մնաց Սիսիանում քայլելը:

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀՀ բոլոր համայնքների քաղաքացիներին մաղթում ենք ողջախոհություն, որպեսզի գոնե թե իրենց համայնքի մակարդակում այնպիսի ուժ ընտրեն, որը հերթական պարտությանը չի տանի բնակչությանը՝ խոստանալով, որ «ապագա կա»:

Նույն շարքից