Միջազգային 

Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին:

Հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը:

Չավուշօղլուն ակնարկել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով. «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինելուց: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»:

Գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթները սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է:

Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»։

Վերջում Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներին, որոնք իր կարծիքով դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Նույն շարքից