Քաղաքականություն 

Նոր պաշտոնի հավակնությու՞ն, թե՞ «ստրախովկա». ինչու՞ են ակտիվացել ԱԳ նախկին նախարարները. «Փաստ»

analitik.am

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը օրեր առաջ, մեկնաբանելով այն, որ իշխանությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունն են ակտիվ շրջանառում, թե Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, հայտարարել է, որ նման շանս եղել է և որևէ ինքնախաբեություն այստեղ չկա: «Այնպես որ այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի, Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով։ Եթե հայկական դիվանագիտության ընթացքում նույն Ադրբեջանը, միջազգային հանրությունն ընդունեցին, որ բանակցային սկզբունքների շրջանակում կա նաև ինքնորշման իրավունքի ճանաչման խնդիրը, ուրեմն մենք բավական առաջ էինք գնացել: Դրա հնարավրությունը կար ու նորից ցանկանում եմ հիշեցնել՝ Ադրբեջանի նախագահն ասում էր ՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ խաբեություն չի եղել, կա՞»,-ասել է նա։

Ուշագրավ է, որ  Արա Այվազյանը, 2021 թվականի մայիսի 31–ին ելույթ ունենալով ԱԳՆ–ում, իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սկանդալային հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և  ընթացքը լուծելու նպատակով:  

Արա Այվազյանի ակտիվությունը, կարծես թե, վարակիչ դարձավ նաև ԱԳՆ մեկ այլ նախկին նախարարի՝ Զոհրաբ Մնացականյանի համար: Վերջինս գրեթե ամեն օր հանդես է գալիս ծավալուն հոդվածներով կամ թվիթերյան գրառումներով: Ուշադրության են արժանի  ՀԱՊԿ-ին, Բելառուսին ուղղված քննադատությունը, ավելի մեղմ ձևակերպումներ պարունակող, այդուհանդերձ կրկին հակառուսական շեշտադրումներով վերջին հոդվածը, որը, ինչպես և նրա գրառումները, ինտենսիվ տարածվում էին իշխանական ԶԼՄ-ներով։ Մինչդեռ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը նույնպես հարթ չէր ընթացել, այդ հրաժարականից հասկանալի էր դառնում, որ նա էլ չի կիսում Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունը և պետության համար այդտեղ որոշակի վտանգներ է տեսնում:

Հետաքրքիր է` ինչպես է ստացվել, որ մեկ տարի առաջ  Փաշինյանին ՀՀ պետական շահերի մեջ մեղադրող նախկին նախարարները այսօր պաշտպանում է այն թեզերը, որոնք առաջ է տանում հենց ինքը` Փաշինյանը: Այվազյանը փաստացի արդարացնում է Փաշինյանի վարած դիվանագիտությունը, իսկ Մնացականյանը արտաքին քաղաքական վեկտորի հավանական փոփոխության ֆոնին դրա համար լեգիտիմ հիմքեր է ստեղծում իր հոդվածներով և գրառումներով: Նախկին նախարարները նոր պաշտոնի հավակնություններ ունե՞ն, թե պարզապես ապահովագրում են իրենց՝ գեներալիտետի ճակատագրին հետագայում չարժանանալու համար...

Նույն շարքից