Հասարակություն Պատահարներ 

46-ամյա վարորդը BMW-ով Ախուրյանում բախվել է շինության պատին, նրա կինը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Դ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ախուրյանի խճուղու թիվ 6 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շենքի պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Մ-ն տեղում մահացել է, իսկ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի պարեկային գումարտակի պարեկները՝ հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին պարեկային ծառայության Գյումրու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր։

Նույն շարքից