Ռազմական 

Սահմանի վտանգը չի չեզոքացվի «պլստալու», «արանքը ճղելու», «Աստված կտա»-ի միջոցով. Դավիթ Տոնոյան

analitik.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը և ներկայացրել պատասխանները:
Գնահատելով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հերթական ներխուժման հետևանքներն ու առկա իրավիճակը` Տոնոյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, ինչը, իր գնահատմամբ, քաղաքական որոշման արդյունք է:
«Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետևանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և, հետեւաբար, մարտունակության վրա»,– նշել է Տոնոյանը` հիշեցնելով, որ ՀՀ քաղաքական իշխանությունը մինչ օրս հրապարակային գնահատականներ չի հնչեցրել զինված ուժերի գործողությունների վերաբերյալ։
Մինչդեռ, նախկին նախարարը զգուշացնում է, որ «ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով»,– ուստի, նրա համոզմամբ, զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով:
Պատասխանելով Արևմուտք-ՀԱՊԿ երկընտրանքի մասին հարցադրումներին` Տոնոյանը մասնավորապես ասել է, որ Արևմուտքի հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է:
«Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում» են, ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»,– ասել է նախկին նախարարը։
Բացի այդ նա «միֆ» է անվանել նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որպես Ադրբեջանին զսպող գործոն ներկայացնելը։
Ըստ նրա` ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ինքն այս պահին չի տեսնում:

Նույն շարքից