Հասարակություն 

Իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի բնակավայրերում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

«Մարդիկ լավ են, իրենց տները լքել չեն պատրաստվում»,- մեզ հետ զրույցում ասաց Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Նա նշեց, որ թշնամու կողմից առաջխաղացման նոր փորձեր չեն եղել, եւ կրակոցներ կամ այլ սադրանքներ գյուղի ուղղությամբ չեն նկատվել։ Հիշեցնենք, որ պատերազմի օրերին գյուղի բնակիչները գյուղը չէին լքել, բայց թշնամին բավականին առաջ էր բերել իր դիրքերը եւ անգամ մարդկանց էր գերի վերցրել այս հատվածից։

Կապանի Նոր Վերիշենի վարչական շրջանի ղեկավար Արտակ Զադայանը մեզ ասաց, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո գյուղի դպրոցը նոր-նոր սկսել է կանոնավոր դասապրոցեսը, բնակչության մեծ մասը վերադարձել է։ Վերջին օրերին թշնամու կողմից որեւէ տեղաշարժ չի եղել։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին մի քանի օրը հանգիստ է եղել՝ թշնամու կողմից որեւէ սադրանք չի նկատվել։ «Տղամարդիկ գյուղում մարտական հերթապահություն են իրականացնում։ Մարդկանց մեծ մասը դեռեւս չի վերադարձել գյուղ, բայց քիչ-քիչ վերադառնում են»,- ասաց նա եւ նշեց, որ պատերազմը սկսվելու օրը գյուղից կանայք եւ երեխաները հեռացել էին ավելի ապահով տարածքներ, իսկ տղամարդիկ մնացել էին գյուղում։

Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն էլ ասաց, որ խաղաղ ու հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված․ «Հինգ-վեց օր է՝ թշնամու կողմից կրակոցի ձայներ չենք լսել»։
Սյունիքի Արավուս համայնքի նախկին ղեկավար, երեք պատերազմների մասնակից Արգամ Հովսեփյանն էլ տեղեկացրեց, որ գյուղից բնակիչները դուրս չեն եկել, եւ թշնամին որեւէ սադրանք չի ձեռնարկել, սակայն իրենք զգոնությունը չեն կորցնում։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանի տեղեկացմամբ՝ երեկ հանդարտ էր իրենց կողմերում։ «Գյուղի բնակչության կեսն է դեռ վերադարձել գյուղ, տղամարդիկ էլ շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել»,- ասաց նա։ Նույն մարզի Նորաբակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ ասաց, որ երեկ խաղաղ է եղել, տղամարդիկ մարտական հերթապահություն են իրականացնում։

Կապվեցինք նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանի հետ։ «Ջերմուկ վերադարձողներ բավականին կան։ Իհարկե, մեծ մասը չեն, բայց վերադարձողներ կան»,- ասաց նա եւ նշեց, որ մարդկանց մեջ դեռ վախ կա, որ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել, ու իրենք չեն կարողանա ժամանակին հեռանալ քաղաքից։ Ավագանու անդամն ասաց, որ բազմաթիվ բնակիչներ վերադարձել են, սկսել են իրենց առօրյա կյանքով ապրել՝ հիմնական խնդիրը երեխաներն են, դեռեւս երեխաների մեծ հոսք չկա դեպի Ջերմուկ, քանի որ բնակիչները կարծես սպասողական վիճակի մեջ են՝ ուզում են վստահ լինել, որ երեխաների համար անվտանգ է Ջերմուկում։ Չնայած մարդկանց՝ դեպի Ջերմուկ վերադարձը դանդաղ է ընթանում, այնուամենայնիվ, կա։

Նույն շարքից