Հասարակություն Պատահարներ 

36-ամյա բլոգերը, ով պատերազմական օրերին դիրքերից ուղիղ եթեր է մտնում, Jeep Grand Cherokee-ով վթարի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 21 GR 100 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ,  որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրջեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյան ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վոլոդյա Սիմոնյանն ու Հարություն Վրացյանը, որպեսզի հետաքրքրասեր  քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ՃՈ ծառայողներին  հաջողվում է:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Թորոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավոր Ա. Հակոբյանը բլոգեր է, ով վերջին ժամանակահատվածում դիրքերից  ուղիղ եթեր է մտնում և ներկայացնում իրավիճակը, ինչպես նաև քննադատում իրեն քննադատած բլոգերներին, այդ թվում՝ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանին, ով յութուբյան իր «Հանրային ձայն»-ով մի քանի անգամ անդրադարձել է Ա. Հակոբյանին:

Նույն շարքից