Իրավական Քաղաքականություն 

Դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի գործով մեղադրող դատախազը նոր պաշտոն ունի. 168.am

analitik.am

168.am-ը գրում է.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ:

Հայկ Երեմյանը 2021-2022թթ., այսինքն՝ մինչ Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելը, եղել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ավագ դատախազ:

Սա, թերևս, հետաքրքիր չլիներ, եթե Հայկ Երեմյանը չլիներ դատարանի դահլիճում ողբերգականորեն կյանքից հեռացած պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի գործով դատախազը, այլ կերպ ասած՝ պետական մեղադրողը:

Արմեն Գրիգորյանի արյունը նաև այս մարդու ձեռքերին է: Նա ոչ միայն չէր փոխել Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, այլև մերժել էր տեսակցությունների արգելքի վերացումը:

Արմեն Գրիգորյանին, ով կալանավորված էր միայն իր արած արտահայտությունների համար, որի գործով չկար վկա, չկար հանցակից, որևէ մեկի վրա տեսականորեն գոնե ազդելու հնարավորություն, չկար քննությանը խոչընդոտելու կամ փախուստի ռիսկ, պետական ողջ ապարատը պատժում էր նրա ընդդիմադիր կեցվածքի համար:

Հայկ Երեմյանն այսօր, ի վերջո, կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ էր Արմեն Գրիգորյանին կտրում արտաքին աշխարհի հետ կապից, ինչո՞վ էր պայմանավորված նրա այդ ջանասիրությունը՝ մարդուն պատժելու հնարավոր բոլոր միջոցներով և այն այն ժամանակվա Քրեական օրենսգրքի չեղած հոդվածով:

Արմեն Գրիգորյանին դարձրել էին քավության նոխազ, ու իրավապահ մարմիններից ով ինչպես կարողանում էր, իր ներդրումն էր ունենում նրա անժամանակ վախճանի մեջ:

Եվ վերջում. Դատարանում, երբ Արմեն Գրիգորյանն ակնթարթորեն ուշագնաց եղավ, ապա մահացավ, նստած էր նաև մեղադրող դատախազ Հայկ Երեմյանը, ով փախավ դատարանի դահլիճից հենց այդ ժամանակ:

Հայկ Երեմյանի պաշտոնն այսօր բարձրացրեցին՝ նրան նշանակելով Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ:

Արմեն Գրիգորյանի արյան գինը հավանաբար սա էր:

Նույն շարքից