Հասարակություն Պատահարներ 

Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա, հնչել է կրակոց

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորն ու անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչը մեկնել են Լոռու մարզի Արծնի գյուղ, որտեղ հանդիպել են Լոռու մարզի բնակիչ՝ 39-ամյա Արման Ա-ին և փորձել են պարզել, թե ինչու է հրաժարվել ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ, որպեսզի մասնակցի արձանագրության կազմմանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը պետք է կազմվեր այն բանի համար, որ Արման Ա-ն հրաժարվել է ներկայանալ վարժական հավաքներին ու վարժական հավաքներից խուսափելու համար կազմվել է արձանագրություն, սակայն, երբ նրան հրավիրել են Տաշիրի համայնքապետարան՝ երկամսյա հավաքներին նրա մասնակցության համար կազմված կտրոնը ստանալու, նա չի եկել։

Երեկ, երբ ոստիկանները մեկնել են Արծնի գյուղ ու նրան հայտնել են, թե ինչն է պատճառը, որ հրաժարվել է ներկայանալ զինկոմիսարիատ, նա վրդովել և հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, ապա ձեռքին եղած դանակով փորձել  էհարվածել անչափահասների գործերով տեսուչ Ա. Այվազյանին, ապա չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ շարունակել է դանակը ձեռքին առաջ գալ դեպի Ա. Այվազյանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հ. Ջանոյանի ուղղությամբ։

Այլ ելք չունենալով՝ անչափահասների գործերով տեսուչը իր հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ատրճանակից 1 անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա կարողացել է վնասազերծել Արման Ա-ին և տեղափոխել ոստիկանության Տաշիրի բաժին։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում կազմված փաստաթղթերն ու հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Նույն շարքից