Իրավական Ռազմական 

Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկվա՝ հայ գերիների գնդակահարության կադրերն արվել են Իշխանասարի «Հովազ 1» բարձունքում

analitik.am

Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում: Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ ունեն հստակ փաստեր, որ 10 օր առաջ այդ հատվածից ադրբեջանցիները նկարներ են տարածել որպես Իշխանասար:

«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում` իրենց իրերով, տեղանքով: Այսինքն, միանշանակ է, որ Իշխանասարում է եղել»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով` երկու զինծառայողի հեշտությամբ են նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:

Առկա են հստակ ապացույցներ, որ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը: Այն վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին:

Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար, որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանն ասում է, որ այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել:

Այժմ աշխատում են ապացույցների վրա, որպեսզի ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 44-օրյա պատերազմին վերաբերող ՄԻԵԴ-ում արդեն քննվող գործի շրջանակներում փորձելու են մեծացնել դատարանի պատասխանատվությունը, որպեսզի ստանդարտներ փոխի:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ քննվող գործի շրջանակներում ՄԻԵԴ-ին ներկայացրել էին գերիներին ազատ արձակելու պահանջ` ցույց տալով, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու ընթացքում կա սպանվելու իրական վտանգ: Այդ ամենը ցույց են տվել կոնկրետ օրինակներով:

«Մարտի դաշտը և փակ հիմնարկը տարբեր կառավարելիության ռիսկեր ունեն, բայց մենք դատարանին փաստաթղթավորված ապացույցներ ենք ներկայացրել, որ ոչ միայն մարտի դաշտում են մարդիկ գերեվարված վիճակում գնդակահարվում, այլև փակ հաստատություններում գտնվելու ընթացքում ծեծի և խոշտանգումների հետևանքով սպանվել են: Դատարանը բավարարել է միայն ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելը, Կարմիր խաչի միջոցով ընտանիքի անդամների հետ կապ հաստատելը, մարդասիրական նորմերին համապատասխան կենցաղային, հիգիենիկ պայմանների ապահովումը»,- ասում է Ս. Սահակյանը:

Սահակյանի խոսքով` ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում բացառիկ դեպքում է ազատ արձակելու պահանջը բավարարել: Դա ռուս քաղաքական գործիչ Նավալնիի գործն է:

«Բայց հասկանում ենք, որ լրիվ այլ քաղաքական տիրույթում են գտնվում և այլ պաշտպանվածություն ունի Նավալնին, քան մեր զինծառայողները: Այս ամենը ներկայացնելու ենք դատարանին` ցույց տալով, որ դատարանի` ազատ արձակման միջոցի չկիրառումը չի կանխում, և եթե կիրառեր, ինչպես կկանխեր միջադեպը: Քանի որ չի կիրառում, նման միջադեպերը չեն կանխվում: 4 կամ 5 տարի հետո արդարադատությունն այս տեսակի գործերով անարդյունավետ է լինելու»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը:

Սակայն ՄԻԵԴ-ն աշխատանքի միակ ուղղությունը չի լինելու: Սահակյանն ասում է, որ նախկինում տարբեր միջազգային կառույցներին զեկույցներ են ներկայացրել Ադրբեջանի կատարած գնդակահարությունների վերաբերյալ՝ թե՛ անհատական, թե՛ խմբային: Բացի այդ, պարբերաբար բարձրաձայնել են, որ քաղաքական պատասխանատվության անհրաժեշտություն կա, և դրա բացակայությունը ծնում է անպատժելիություն:

«Ադրբեջանի վարքագիծը մի ցայտուն գիծ էլ ունի` չեն թաքցնում: Աշխարհի այլ վայրերում հնարավոր է կատարվեն ոչ նման գուներանգներով դաժան խախտումներ, բայց ներգրավված կողմերը շահագրգիռ են, որ թաքցնեն, որովհետև անհանգստանում են պատասխանատվության համար: Ադրբեջանը գործում է բացահայտ, անպատժելիության մթնոլորտում: Տարածում, խրախուսում է այդ միջադեպերը` ի ցույց դնելով միջազգային կառույցների շահագրգռվածությունն ու անկարողությունը՝ արձագանքելու իր կողմից կատարված սպանություններին»,- նշում է Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այս ապացույցները նորից են ներկայացնելու ՄԻԵԴ: Այս անգամ շատ հստակ են ձևակերպելու, որ ընտրողաբար չի կարելի մոտենալ: Տնտեսական, քաղաքական շահերից ելնելով` չեն կարող հանդուրժվել այս հանցագործությունները:

«Հակառակ դեպքում մենք կարող ենք մտածել, որ հանցակցության հետ գործ ունենք: Փաստերը խոսուն են, անհերքելի են: Մենք չունենք ապացուցման խնդիր, բայց արդեն ապացուցված դեպքերով չունենալ պատժամիջոցներ, որտեղ բարձր քաղաքական և ռազմական ղեկավարությունը կենթարկվի պատասխանատվության, դա նշանակում է հովանավորչություն»,- ավելացնում է Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանը նշում է, որ արդեն հաստատված են 17 գերիների անունները, որոնք գտնվում են Ադրբեջանում: Սակայն, նրանց թիվն ավելին է, քանի որ ավելի շատ ներկայացված անձինք կան, քան հաստատված են:

Նույն շարքից