Հասարակություն Պատահարներ 

Կոտայքում բախվել են Range Rover-ն ու Honda-ն, կա վիրավոր, Range-ի վարորդը հայտնել է, որ ինքը «Երևան Սիթի» սուպերմարկետի մսամթերքի տնօրենն է

analitik.am

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ Նաիրիի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Է-ի վարած Range Rover մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Հովհաննես Մ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Հովհաննես Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կարեն Է-ն հայտնել է, որ ինքն աշխատում է Արաբկիր վարչական շրջանում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ որպես մսամթերքի տնօրեն:

Նույն շարքից