Քաղաքականություն 

Տեսանյութն ապացուցում է` օր առաջ խաղաղություն է պետք. Արդարատության փոխնախարարը` գերիների սպանության մասին

analitik.am
Ադրբեջանական Telegram ալիքներում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, ապացուցում է, որ խաղաղություն է պետք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարարի լիազորությունները կատարող Գրիգոր Մինասյանը:
Նրա խոսքով` և՛ մարդու իրավունքների պաշտպանը, և՛ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչները դեպքի առնչությամբ գործիքակազմեր են կիրառում և դիմելու են թե՛ ՄԻԵԴ, թե՛ միջազգային արդարադատության դատարան:
«Վստահեցնում եմ` իշխանությունն ամեն օր, օրական 7-8 ժամ աշխատելով անում է ամեն ինչ, որպեսզի իրավական առումով և՛ գնահատականներ տրվեն, և՛ մեր միջազգային գործընկերների հետ հնարավորինս աշխատելով բերենք այնպիսի հանգուցալուծման, որ նման բաները բացառվեն: Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն և մեղավորները միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր, և դատապարտվի այդ արարքը»,- ասաց նա:
Հարցին` արդյոք այս պայմաններում պետք է շարունակել խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, Մինասյանը շեշտեց` տեսանյութն ու վերջին մի քանի տարվա տարիներին կամ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է հայ ժողովրդին:
«Այդ տեսանյութն ապացուցում է, որ դեռևս անելիքները շատ են այս ուղղությամբ, բայց ասել, որ եթե պատերազմ է լինում, կրակոց է լինում, պետք է խաղաղության բանակցություններից դուրս գալ, դա ճիշտ չեմ համարում: Հակառակը` սա ապացուցում է, որ օր առաջ պետք է խաղաղություն մեր երկրում»,– նշեց արդարադատության նախարարի լիազորությունները կատարողը։

Նույն շարքից