Քաղաքականություն 

Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից

analitik.am

Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ իր հարցազրույցը, որն արվել է հայ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Ըստ Fox News-ի՝ հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ շաբաթ մի շարք կարևոր հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Պաշտպանության դեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին «նոր բան չէ», դա «երկար պատմություն է», որի մասին Հայաստանը բարձրաձայնել է Մոսկվայի առջև:

«Դա հրապարակային տեղեկություն է: Այո՛, դա ճիշտ է: Եվ դա շատ է անհանգստացնում մեզ: Դա նոր բան չէ», - ասել է Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին:

Հարցազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ին իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի և դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից:

Նույն շարքից