Իրավական 

Իրավապահները կպարզե՞ն՝ ինչպես են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հայտնվել «Հայկական ժամանակ»-ում

analitik.am

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածները, որտեղ, հղում անելով հավաստի աղբյուրին, հրապարակվել էին բանակցային գաղտնի տեղեկությունները՝ Ադրբեջանի պահանջները, համաձայն որի՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի, իսկ ՀՀ-ով պետք է միջանցք տրվի, ինչպես նաև՝ Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ ՌԴ-ի կողմից ներկայացված պահանջները, քննության առարկա չեն դառնա։ Մասնավորապես, դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ Գլխավոր դատախազությունը, ԶԼՄ-ների մոնիտորինգի շրջանակում, ծանոթացել է մատնանշված հրապարակումներին, որտեղ, ըստ դատախազության, արտացոլված ձևակերպումները կամ գնահատողական դատողությունները տարբեր անհատների կամ առանձին փորձագետների կողմից բազմիցս հնչեցվել են և դրանց շուրջ ծավալվել են համապատասխան քննարկումներ:

«Այդուհանդերձ, պարզաբանվում է, որ հարցվող տեղեկատվության մեջ նշված ձևակերպումներում առկա չեն ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության բնագավառներում այնպիսի տեղեկություններ, որոնք պաշտպանվում են պետության կողմից: Ուստի, հրապարակված տեղեկատվությունը չի կարող հանդիսանալ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ»,- նշեցին դատախազությունից:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք քննություն իրականացվել է՝ պարզելու, թե ինչպես է պետական գաղտնիք համարվող տվյալները հասանելի դարձել ԶԼՄ-ներին՝ դատախազությունից նշել են. ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ տեղեկատվության աղբյուրների պաշտպանությանը վերաբերող 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:

Այս համատեքստում, հարկ է նաև ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 20-ի 1234 որոշմամբ ամրագրվել է, որ «(…) իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում` իրավական որոշակիության և իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքներից ելնելով, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա կարող է ճանաչվել այն չբացահայտելու հանրային շահի նկատմամբ այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր (առանձնապես ծանր) հանցագործությունը կանխելու կամ ծանր (առանձնապես ծանր) հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար (…)»։

Բացի այդ՝ ի գիտություն դատախազության, ԱԱԾ-ն սատանաներ փնտրելու վրա ռեսուրսներ վատնելու փոխարեն կարող է ոչ թե մամուլից պահանջել բացահայտել իր աղբյուրը, այլ ինքը օպերատիվ-որոնողականա աշխատանքներ իրականացնի պարզելու, թե ինչպես են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հայտնվել մամուլում։ Օրինակ՝ հարցաքննության կանչել Փաշինյանի ու Միրզոյանին՝ պարզելու, թե ովքեր են տիրապետել Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ բանակցությունների տվյալներին ու ինչպես են դրանք հասանելի դարձել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին։

Ի դեպ՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը հանցագործություն է, որի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 426,427,428,429, 430 հոդվածներով։

Իսկ եթե նշված տեղեկությունները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն, ապա իրավապահները պարտավոր են հայտարարել այդ մասին, որ Փաշինյանի թերթում հրապարակվածն մտացածին է, ու իրականությանը չի համապատասխանում։ Նման հերքում չի եղել, հետեւապես դատախազությունն այս պահին ուղղակի անգործություն է ցուցաբերում՝ իր հովանու տակ պահելով պետական իշխանության դեմ կատարված հանցագործությունը։

Նույն շարքից