Իրենց բնակարանները վարձակալության տվող կամ գումարը որպես փոխառություն տվող քաղաքացիներն այսուհետ չեն կարողանա խուսափել հարկերից։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրությանը վերաբերող փոփոխություններ նախագիծը։
Նախարարը նախ հիշեցրեց, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Տիգրան Խաչատրւյանը հայտնեց, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։
«Օրինակ`մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է, և իր սեփական գույքը տալ վարձակալության, վարձակալությունից, օրինակ, բնակարանի վարձից ստացած եկամուտները պահանջել, որ չհարկվեն, որովհետև իր կարգավիճակը հայտարարվել է որպես միկրոձեռնարկատերի կարգավիճակ։ Այն դեպքում, երբ բնակարանի վարձակալության դեպքում քաղաքացին իր ստացած եկամուտներից պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ։ Մեկ այլ դեպքում մարդը կարող է փոխառության տալ իր գումարը մեկ այլ անձի, ու փոխառության դիմաց ստացած տոկոսային եկամուտները, որպես միկրոձեռնարկատեր, պահանջել, որ չհարկվեն»,– ասաց Խաչատրյանը։