Հասարակություն Պատահարներ 

Գեղարքունիքի մարզում Ford Transit-ի ու VAZ 2103-ի բախման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Գավառի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Ford Transit և VAZ 2103 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարները։

Վերջիններս վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի և Գավառի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վանիկ Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վ․ Վարդանյանի որոշմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ և հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն, իսկ հետո դիերը մոտեցրել դիատարին։

Նույն շարքից