Միջազգային 

Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի «հավաստի աղբյուրի» հայտնած տեղեկություններին

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ի թիվս այլնի լրագրողի խնդրանքով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում օրեր առաջ հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով հավաստի աղբյուրի, նշված է, թե ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ։

Զախարովայի խոսքով՝ եթե տվյալ հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն ինչ-որ ճնչում է գործադրում ՀՀ-ի վրա, ապա այդ հարցի պարզաբանման համար պետք է դիմել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կա՛մ հաստատեն, կա՛մ հերքեն այդ տեղեկությունը:

«Եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, կմեկնաբանեինք, բայց ներողություն, հավաստի աղբյուրին հղումը, մեր կոմպետենցիան չէ: Եվ որ ամենակարևորն է՝ խոսքն այլ երկիր մասին է, որտեղ կան իշխանություններ, որոնք կարող են միանգամայան հանգիստ ու բաց այդ մասին խոսել», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՀԺ-ի հոդվածում ասվում էր, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

«Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։

Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։ Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։

Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը»,- ասվում է հոդվածում։

Նույն շարքից