Առողջապահություն 

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացմանը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։

Վարչապետ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Պատասխանատուները Կառավարության ղեկավարին ներկայացրել են կլինիկայի գործունեության ուղղություններն ու ծրագրերը. զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի բժշկական ծառայություններ: Նշվել է, որ հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար: Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:

Վարչապետը նաև այցելել է  ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Կառավարության ղեկավարի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի հյուրեր,

Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Վ.Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առիթով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում անձնվիրաբար աշխատել են և իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ոլորտի զարգացմանը։ Այս ներդրման հայտնի հեղինակներից մեկն այստեղ ներկա է, և ուրախ եմ, ողջունում եմ, որ ահա այս հոբելյանի առիթով մենք ունենք նաև այսպիսի դահլիճ։

Ճիշտն ասած, այսօրվա այս այցը ինձ համար շատ կարևոր է, որովհետև երբ աշխատասենյակներում այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, շատ կարևոր է հետո գալ, տեսնել, թե դրանք ինչի են բերել և հանգեցրել։ Նույնիսկ ինձ համար հաճելիորեն անսպասելի էր, որ մենք պետական առողջապահական հիմնարկ ասելով այլևս կարող ենք հասկանալ նման ենթակառուցվածք և երևույթ, և իհարկե, մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է հավասարաբար աջակցենք և’ պետական, և’ մասնավոր հատվածին, որպեսզի նաև ինչ-որ առումով մրցակցություն հարուցենք, որպեսզի նրանց ճիշտ, ազնիվ, արդար մրցակցության պայմաններում կարողանանք ոլորտի զարգացում ունենալ։ Ուրախ եմ, որ ահա այսպիսի օրինակներով տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը կարող է բերել արդյունքների։

Ուրախությամբ եմ նշում, որ առողջապահության ոլորտի և’ պետական, և’ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները նաև խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում, ինչը չափազանց կարևոր է, որովհետև այդ բյուջետային մուտքերը նաև այդ թվում ծառայում են առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում։

Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։ Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք հիմա նաև կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա։ Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել։

Իհարկե, բնական է, որ այս հոբելյանը նման հաստատությունում նաև այսպիսի գործնական թեմաների շոշափմամբ է անցնում, բայց վերադառնալով հոբելյանին՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատկերների համար, որ տեսա և, իհարկե, նաև համոզմունք հայտնել, որ ներսի ենթակառուցվածքն ավարտելուց հետո մենք նաև միջավայրը կբերենք նույն տեսքի և մակարդակի։ Դա կարևոր է ընդհանրապես ընկալումը փոխելու համար։

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, շնորհավորել և հույս հայտնել, որ նման հաստատությունների զարգացմամբ մենք իրոք նոր մակարդակի առողջապահություն կունենանք։ Չնայած պետք է ասել, որ մինչ այս պահը առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ մենք ամաչելու շատ քիչ բան ենք ունեցել կամ չենք ունեցել։ Եթե նույնիսկ եղել են ինչ-որ խնդիրներ՝ շենքային ենթակառուցվածքներ և այլն, դրանք ժամանակի ընթացքում լուծվել են և այլն։ Բայց գիտամասնագիտական ոլորտում, առողջապահության կազմակերպման ոլորտում իսկապես շատ լուրջ հաջողություններ ենք ունեցել, և թերևս հիմա ժամանակն է, որ այդ հաջողությունները հնարավորինս համահունչ լինեն միջազգային թրենդների, գործընթացների հետ։  

Ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես մենք այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է լինեն արագացուցիչներ, բոլոր տեղերում պետք է լինեն գերժամանակակից սարքեր։ Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի ճիշտ պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն, որպեսզի հնարավոր լինի իսկապես որոշ օղակների ազատել գերծանրաբեռնվածությունից, և առողջապահության ոլորտում այլ հատվածներում, մարզերում, համայնքներում, բնակավայրերում, գյուղերում բացերը լրացնենք։ Այս դեպքում մենք իսկապես կկարողանանք հասնել լիակատար ներդաշնակության»։

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետի կողմից արժանացել են պետական  պարգևների։ Մասնավորապես՝

ՀՀ նախագահի հրամանագրով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի տնօրենի գիտական գծով խորհրդական Գագիկ Բազիկյանը և ՈւԱԿ-ի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՈւԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ Վիկտոր Բադեյանը, ՈւԱԿ-ի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Արա Պապյանը և Սերգեյ Մարտիրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։

Վարչապետ Փաշինյանն անձամբ հանձնել է պետական պարգևները և ևս մեկ անգամ շնորհավորել, մաղթել աշխատանքային արդյունավետ գործունեություն։

Միջոցառման շրջանակում Կառավարության ղեկավարը դիտել է ՈւԱԿ-ի 75-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմը։

Նույն շարքից