Ռազմական 

Ասացինք՝ ի՞նչ կլինի՝ մնա էլի, ծնունդդ կնշենք, ասաց՝ չէ, դիրքեր պիտի բարձրանանք. տղաների հետ այնտեղ էլ կնշենք: Ասաց ու գնաց

analitik.am

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի առաջին ժամերին Ջերմուկի N դիրքի անձնակազմի հետ կապը կտրվել էր: Թե ինչ է կատարվել այդ մի քանի ժամվա ընթացքում, ոչ ոք տեղյակ չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նույն դիրքում զոհված Կարեն Սայադյանի ազգականը՝ Գարիկ Ազիզյանը:

«Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի առավոտյան՝ ժամը 5-ին դիրքի հետ կապն ընդհատվել է: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվել այնտեղ: Երբ հաղորդվեց, որ երկու զոհ ունենք Ջերմուկում, անմիջապես գնացինք այնտեղ: Ջերմուկի խաչմերուկում ահագին մարդ էր հավաքվել՝ զինծառայողների հարազատներ հիմնականում: Այդ օրը ոչինչ չկարողացանք պարզել: Հաջորդ օրը որդիս գնաց ՊՆ-ն և այնտեղից տեղեկացավ, որ Կարենը զոհվել է: Իմ հասկանալով՝ ՊՆ-ն արդեն տեղյակ էր ամեն ինչից, գիտեր, որ այդ դիրքերում ոչ ոք ողջ չի մնացել, դրա համար սկզբում ասացին զոհվել են, հետո թե՝ համարվում են անհետ կորած»,-պատմում է Գարիկը:

Կարենի զոհվելու լուրը հարազատները ստացել են սեպտեմբերի 29-ին: 20-ամյա ժամկետային զինծառայողի մարմինն այն 95 զոհված զինծառայողների դիերի մեջ էր, որոնք սեպտեմբերի 20-ին Կարմիր Խաչի միջնորդությամբ վերադարձվել են հայկական կողմին:
Ամսի 22-ին ծնողներին մի կերպ համոզել եմ, որ գնան ԴՆԹ հանձնեն: Մեզ սացին, որ 3-4 օրվա ընթացքում պատասխանը գալիս է: Որ այդ ընթացքում չեկավ, ուրախացել էինք: Մեկ էլ ամսի 29-ին զանգեցին հորը, թե նույնականացվել է...95 մարմինների մեջ էր նաև Կարենի մարմինը...»,-պատմում է Գարիկը:

Կարենի հետ վերջին անգամ խոսել է մայրը՝ ամսի 12-ի ցերեկը: Ինչպես միշտ, այդ անգամ էլ Կարենը ծառայության, առկա լարվածության հետ կապված ոչինչ չէր ասել:

«Ինքը շատ գաղտնապահ տղա էր: Անգամ Վանաձորում ծառայելու ընթացքում բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել էր պատվոգրով, ընդ որում՝ զորամասից երեք հոգի էին ընդամենը պարգևատրվել, բայց այդ մասին ոչ ոքի չէր ասել: Առհասարակ, որևէ բան չէր ասում ծառայության հետ կապված, անգամ, չգիտեինք՝ ինչ վաշտում էր, որ դիրքում: Հետո ենք իմացել»,-հիշում է ազգականը:
Կարենը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր. տան ավագն էր ու միակ որդին. բանակ զորակոչվել էր 2021թ.-ին, մի քանի ամիս Վանաձորում ծառայելուց հետո տեղափոխվել է Ջերմուկ:

Օգոստոսի 10-ին երեք օրով տուն էր գնացել Կարենը: 14-ին նրա ծննդյան օրն էր, բայց քանի որ հաջորդ օրը պետք է բարձրանար դիրքեր, հետ է գնացել.

«Ասացինք՝ ի՞նչ կլինի՝ մնա էլի, ծնունդդ կնշենք, կգնաս էլի, ու հնարավորություն կար, որ մնար, բայց ինքն ասաց՝ չէ, դիրքեր պիտի բարձրանանք. տղաների հետ այնտեղ էլ կնշենք: Ասաց ու գնաց...»:

Օգոստոսի 15-ին ընկերների հետ վերջին անգամ դիրքեր բարձրացած Կարեն Սայադյանը նրանց հետ միասին էլ անմահացել է: Տղաները հերոսաբար մարտնչել են մինչև վերջին փամփուշտը...

Նույն շարքից