Առողջապահություն 

Կորոնավիրուսն ու գրիպը ագրեսիվ հիվանդություն են. պատվաստումը կօգնի նվազեցնելու բարդ դեպքերի ռիսկերը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներին, կարևորելով այն։

Նախարարի խոսքով. «Ամեն տարի մենք հոկտեմբեր ամսից սկսում ենք գրիպի դեմ պատվաստումները։ Առաջին հերթին դա վերաբերում է ռիսկի խմբի քաղաքացիներին, մինչև 12 տարեկան երեխաներին և խրոնիկ հիվանդներին, 65 տարեկանից մեծ քաղաքացիներին։ Գրիպի հետ կապված ներկայումս մենք նկատում ենք հիվանդացության բարձրացում, ինչը սեզոնային առումով ակնկալելի էր, և իհարկե, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղանակային պայմաններով պայմանավորված կունենանք հիվանդության աճ»։

Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև կորոնավիրուսի տեմպերի մասին, նշելով, որ այն կառավարելի է. «Ի ուրախություն մեզ այս ալիքը բավական հեշտ անցանք։ Հիմա սեզոնային առումով կտեսնենք՝ ինչ վարքագիծ կունենա հիվանդությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»։

Ավանեսյանը շեշտել է, որ կորոնավիրուսն ու գրիպն ագրեսիվ հիվանդություն են, սեզոնայնությամբ պայմանավորված, շրջանառվում են միասին. «Դրա համար շատ կարևոր է երկու հիվանդության դեմ էլ ունենալ պաշտպանության որոշակի աստիճան, ինչը կօգնի նվազեցնելու բարդ դեպքերի ռիսկերը»։

Նախարարի կարծիքով սա պատվաստվելու ամենաճիշտ ժամանակն է. «Հոկտեմբերի սկզբին, մինչև նոյեմբեր եթե մենք ստեղծում ենք պաշտպանության շերտ, առաջիկա սեզոնին պատրաստ ենք լինում դիմակայելու։ Գիտեք՝ գրիպն ակտիվանում է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին, և ամբողջ ընթացքում մեզ պաշտպանված կարող ենք զգալ»։

Նույն շարքից