Գլխավոր Քաղաքականություն 

Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու հարցը․ Արարատ Միրզոյան

analitik.am

Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծին հայկական կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու հարցը, շատ մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք։ Այս մասին Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտեք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք և այդ կազմակերպությունը որոշում է կայացրել փաստահավաք դիտորդական առաքելություն ուղարկել, եկել են այդ պաշտոնյաները, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, որը ներկայացված է անդամ բոլոր պետություններին, իսկ քարտուղարությունը զեկույցի հիման վրա շրջանառել է որոշման նախագիծ։ Բանավոր քննարկումներով մենք փորձել ենք հասկանալ, ե՞րբ տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը, այս փուլում ենք առայժմ գտնվում»,- ասաց Միրզոյանը։

Նա ասաց, որ ՀՀ-ի համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան դաշնակից պետությունները։

«Մեզ համար կարևոր է նախ և առաջ հասկանալ՝ որքանո՞վ է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, իսկ դա ագրեսիան է ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Նույն շարքից