Առողջապահություն 

Վիրաբույժը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտի ԲԿ-ում ամպուտացված վերջույթը վերականգնելու բացառիկ վիրահատությունից. Լուսանկարներ

analitik.am

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին կատարված բարդ վիրահատության շնորհիվ վերականգնվել է հիվանդի ամպուտացված վերին վերջույթը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում վիրահատող բժիշկ Իգոր Զաքարյանը պատմել է,որ հիվանդը՝ 2002 թվականին ծնված Տիգրան Մուսայելյանի վերին վերջույթը կտրվել էր հաստոցով աշխատելու հետևանքով։

«Ձեռքը պոկվել էր բազկի վերին երրորդական հատվածից։ Անմիջապես անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում կազմակերպվել են հակաշոկային աշխատանքներ, միանգամից տեղափոխել ենք վիրահատարան։ Վիրահատությունն անցել է հարթ, հետվիրահատական շրջանում եղել են բարդություններ, որոնք հաղթահարվել են։ Ոսկորների ֆիքսման համար սարք է տեղադրվել, որի արդյունքում մյուս հյուսվածքները վերականգնվել են։ Անոթների աշխատանքն արդեն վերականգնվել է, մնում է մկանները նույնպես սկսեն գործել։ Հիվանդի վիճակն այժմ գտնվում է բավարար վիճակում, դեպի վերին վերջույթ արյունը մատակարարվում է, վերքերը վիրակապում ենք, դեղորայքային բուժում է ստանում։ Պատրաստվում ենք երկրորդ վիրահատությանը»,-ասել է բժիշկ-միկրովիրաբույժը։

Նրա տեղեկատվությամբ՝ նման վիրահատություն կատարվել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին. վիրահատվել է հղի կին։

«Բեկորային վնասվածքի հետևանքով նա զրկվել էր աջ վերին վերջույթից։ Մանկաբարձները կեսարյան հատումով պտուղը հանել են, որից հետո վիրահատել և վերականգնել ենք պոկված վերջույթը։ Քանի որ պատերազմի ժամանակ այստեղ հնարավորություն չկար, հետվիրահատական բուժումը շարունակվել է Երևանում»,-հավելել է մեր զրուցակիցը։

Տիգրան Մուսայելյանը մեզ հետ զրույցում ասել է, որ աշխատում է «Ճանշին» ՓԲ ընկերությունում։ Աշխատանքի ժամանակ է ձեռք հաստոցով աշխատելիս կտրվել:

«Ինձ տասը րոպեում հասցրել են հիվանդանոց։ Այդ ընթացքում մյուս ձեռքով փորձել եմ դադարեցնել արյունահոսությունը։ Մեր աշխատողներից մեկն էլ վերջույթս է հասցրել հիվանդանոգ, որից հետո կատարվել է վիրահատությունը»,- պատմել է նա՝ գոհունակություն հայտնելով բժիշկների կատարած բացառիկ աշխատանքից։

Նույն շարքից