Ռազմական 

Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել. «Հենակետ»

analitik.am

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու համառոտ հրապարակել է տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական զորավարժանք են կատարել։ Նշենք, որ «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները Վրաստանում սկսվել են հոկտեմբերի 11-ից։

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին ստացել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարացնելու մասին օրինախագիծը: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե այն ամենը, ինչ անհրաժեշտ է ադրբեջանական բանակին, կտրամադրվի, և Ադրբեջանն ավելի պաշտպանված կլինի։

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում գտնվող «Չորլու» ուսումնական թռիչքային կենտրոնում տեղի է ունեցել «Բայքար» ընկերության կողմից ադրբեջանցիների համար նախատեսված «Աքընջի» մարտական ԱԹՍ-ների կառավարման դասընթացի ավարտական արարողությունը։
Ադրբեջանի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի 2022 թ-ի համագործակցության ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի զինծառայողները Հունգարիայում մասնակցել են «Միջազգային ռազմական դիտորդների դասընթացին»։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, թե ԵՄ-ն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը հայ-ադրբեջանական սահման։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն Հայաստանին աջակցելու նպատակ ունի։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է ԵԱՀԿ առաքելության՝ Հայաստան կատարելիք այցին և  հայտնել իր դժոգոհությունը։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը դատապարտել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը: Այդ հայտարարությանը միացել է նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը։

ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ և Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ու ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից: «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները:

Բաքվում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ այսպիսով իրենց դժգոհությունը հայտնելով Էմանուել Մակրոնի հայտարարությունների առնչությամբ, թե ադրբեջանական կողմը սադրանք է իրականացրել Հայաստանի դեմ։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։

Հեղինակավոր «Bellingcat»-ի հետաքննող լրագրողները իրականացրել են ադրբեջանական զորքերի կողմից հայ գերիների մահապատժի մասին տեսանյութերից մեկի վերլուծությունը՝ բացահայտելով մի քանի ապացույցներ, որոնք նպաստում են դրա ժամանակագրական տեղորոշմանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, բայց և չի հերքել սեփական բանակի մեղսակցությունը կատարվածին:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական կրոնական առաջնորդները այցելել են Շուշի: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե հաջորդ տարվա առաջին կեսից արդեն կմեկնարկի Շուշին ադրբեջանցիներով բնակեցու գործընթացը։

Այդ նպատակով, մինչև նշված ժամկետը պատրաստ կլինեն ութ բազմաբնակարանային շենքերը, որոնք ներկայումս կառուցվում են դեռ խորհրդային ժամանակներում կառուցված բազմաբնակարանների փոխարեն։ Կառուցվող շենքերը 3, 4 եւ 5 հարկանի են։ Իսկ ադրբեջանական դպրոցի շենքը Շուշիում պատրաստ կլինի շահագործման արդեն հաջորդ տարի։

Հոկտեմբերի 19-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Ջաբրայիլի և Սանասարի (Ղուբաթլի) շրջաններ։ Նրանք մասնակցել են Շուքյուրբեյլի- Ջրական (Ջաբրայիլ) -Հադրութ ավտոճանապարհի 14,2 կմ երկարությամբ Շուքյուրբեյլի - Ջրական հատվածի բացմանը։ Ալիևը և Ալիևան ծանոթացել են՝ Ջրականի շրջանում ստեղծվող՝ «Ադրբեջանա-թուրքական անտառային ուսումնական միջազգային կենտրոնին», «Խելացի տնկարանին» և «Բարեկամության անտառ» համալիրին։

Իլհամ Ալիևը դրել է Ջրականի Էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնին հիմքը, ծանոթացել Ջրականի 330/110 կիլովոլտանոց միջազգային հանգուցային ենթակայանում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Սանասարի (Ղուբաթլի)  Ադրբեջանի նախագահը շրջանում ծանոթացել է Բարգյուշադչայ և Զաբուխչայ ջրամբարների նախագծերին և դրել է Սանասարի էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնի հիմքը։

Ալիևին և նրա տիկնոջը ներկայացվել է Սանասար քաղաքի գլխավոր հատակագիծը։ Ասդրբեջանի նախագահն ու իր կինը Սանասարում մասնակցել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանների հիմնարկեքի արարողությանը։ Իսկ Կովսականի (Զանգելանի) շրջանում նրանք գործարկել են Արքիմեդյան պտուտակի վրա հիմնված հիդրոէլեկտրակայանը։

Հոկտեմբերի 20-ին Ջրականի շրջանում դրվել է «Ադրբեջանա-թուրքական միջազգային անտառային ուսումնական կենտրոնի», «Խելացի տնկարանի» և «Բարեկամության անտառ» համալիրի հիմքը, տարածք է բաց թողնվել 15 ջեյրան։ Արարողությանը մասնակցել են Ալիևը և Էրդողանը։

Ջրականում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ուղևորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։ «Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները․․․»,-ասել է նա։

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է Կովսականի (Զանգելանի) օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը,  գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն ու այլ պաշտոնյաներ։

Էրդողանն ու Ալիևը կտրել են օդանավակայանի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենն ու ծանոթացել օդանավակայանում ստեղծված պայմաններին։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, դարձյալ հոկտեմբերին Էրդողանն այցելել էր Վարանդա՝ մասնակցելու տեղի օդանավակայանի բացմանը։
Զանգիլանի միջազգային օդանավակայանի տնօրեն Վուգար Հասանովը նշել է, թե օդանավակայանը մեկ ժամում կարող է սպասարկել մինչև 200 ուղևորի։ Էրդողանը հայտարարել է, թե Կովսականի օդանավակայանն ունի կարևոր ռազմավարական դիրք»։ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Թուրքիան Շուշիում պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում է եղել, Ղարաբաղում ավտովթարի է ենթարկվել։ Թուրքական ու ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ Յըլդըրըմն ու պատգամավոր Շամիլ Այրիմը վթարից հետո ուղղաթիռով տեղափոխվել են Բաքվի հիվանդանոցներից մեկը։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, որտեղ հանդիպում է տեղի ունեցել Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Աղդամ և Հիրոսիմա քաղաքների միջև երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող կոնկրետ հարցեր։

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության արարողակարգի վարչության պետ Թողրուլ Գաֆարբեյլին հայտարարել է, թե Ղարաբաղում բուծման նպատակով խոշոր եղջերավոր անասուններ կներկրվեն Ղրղզստանից։ Որպես փորձնական նախագիծ՝ նախատեսվում է յակեր բազմացնել Քարվաճառում, իսկ հետո՝ Լաչինում։

էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Լաչինում վերականգնման աշխատանքներ են իրականացվել 6,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու ՀԷԿ-երում։ Բաքվում Լեհաստան-Ադրբեջան գործարար համաժողովում Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) ղեկավար Յուսիֆ Աբդուլլաևը հայտարարել է, թե լեհական ընկերությունների ներգրավվածությունը Ղարաբաղի վերականգնման գործում կարևոր ուղղություն է։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Շաբաթվա ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացրել Արաքս գետի շրջանում, Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ նահանգների հյուսիսում: Վարժանքների երկրորդ օրը զորավարժությունների տարածք է այցելել ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը։

Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարությունում նշվել է, թե Թեհրանը նախապես զգուշացրել է Բաքվին սահմանին զորավարժություններ անցկացնելու մասին, զորավարժությունների մեկնարկից առաջ Ադրբեջանին պաշտոնական նոտա է հանձնվել։

Ադրբեջանական մամուլի հրապարակումները ցույց են տվել, որ Բաքուն վրդովված է տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխման անընդունելիության մասին Իրանի հայտարարություններից և Ադրբեջանի սահմանի մոտ ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժություններից։ Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել։

Ադրբեջանի տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը նշել է․ «Վերջին շրջանում Իրանի կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված քայլերը չեն կարող դիտվել որպես բարիդրացիական հարաբերություններ»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, թե Իրանի ղեկավարության հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի անհամաձայնությունը  տարածաշրջանում որևէ օտար ուժի տեղակայման հետ կապված:

Էրդողանը հայտարարել է, թե որոշ շրջանակներում վախերն ու տագնապները՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ, տեղին չեն։ Չավուշօղլուն մեջբերել է Ալիևին՝ նշելով, թե «Լաչինի» եւ «Զանգեզուրի» միջանցքները պիտի նույն կարգավիճակն ունենան։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շեշտել է, թե երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ եւ կինտեգրվի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսություններին։

ԵԱՀԿ ԽՎ Մետաքսի ճանապարհի աջակցության խմբի համաժողովում ստորագրվել է «Ստամբուլյան հռչակագիրը», որում ողջունվում է Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) և Անդրադրիատիկ խողովակաշարի (TAP) հաջող միացումը, ինչը կարևոր փուլ է Հարավային գազային միջանցքի շինարարությունն ավարտին հասցնելու առումով։ Բացի այդ, նշվել է, որ Եվրոպա լրացուցիչ ադրբեջանական բնական գազի մատակարարման հնարավորությունը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Նույն շարքից