Ռազմական 

Այդ դիրքերում բոլորը զոհվել են. ով էլ ողջ էր մնացել՝ պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի. զոհված զինծառայողի մարտական ընկեր

analitik.am

Երկու երեխաների հայր, պայմանագրային զինծառայող Վարդան Գրիգորյանը նահատակվել է ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը: Վարդանը դասակի հրամանատար էր. Ջերմուկի N դիրքի պաշտպանությունը կազմակերպել ու տասնյակ անգամ թվային գերակշռություն ունեցող թշնամու դեմ մարտ է վարել՝ դիրքը լքելու մասին անգամ չմտածելով:

«Ամեն մի դիրքի վրա ադրբեջանցիները 300-400 հոգանոց խմբերով հարձակվել են: Էլ զենք չի մնացել իրենց զինանոցում, որ չկիրառեն՝ կամիկաձե, բայրաքթար, ականանետ….Մեր տղաների մեծ մասը գնդակոծության հետևաքով են զոհվել: Ով էլ ողջ էր մնացել, տեսնելով, որ քիչ են, հետն էլ՝ շրջափակման մեջ՝ պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Այդ տղաներից են՝ Ասլամազյան Արմենը, Իշխանյան Արմենը…Իշխանյանը վիրավոր էր: Տեսնելով, որ շրջափակումից դուրս գալու տարբերակ չկա, պայթեցրել է իրեն: Իսկ Վարդանենց դիրքում բոլորը հենց մարտի ընթացքում են զոհվել: Երկու հոգի էլ մինչև հիմա անհետ կորած են համարվում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Վարդանի մարտական ընկերը՝ Վահրամ Սաֆարյանը:

Վահրամն ու Վարդանը միասին են անցել 4-օրյա և 44-օրյա պատերազմները: Քարվաճառի հանձնումից հետո երկուսով տեղափոխվել են՝ սկզբում Խոզնավար, հետո՝ Ջերմուկ:

«44-օրյային անընդհատ առաջ գնալու հրամանի էինք սպասում ու էնքան ցավոտ էր, երբ իմացանք, որ ստորագրությամբ հանձնվել է Քարվաճառը: 44 օր թշնամին չի կարողացել որևէ առաջխաղացում ունենալ այդ ուղղությամբ, ու երբ իմացանք նոյեմբեր 9-ի փաստաթղթի մասին, ահավոր դուխաթափ եղանք»,-հիշում է Վահրամը և հավելում՝ 4-օրյային ևս Քարվաճառի պաշտպանությունը թշնամին չի կարողացել ճեղքել ու դա անգամ խոստովանել են իրենք՝ ադրբեջանցիները:

Վարդանն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո գիտակցում էին, որ դժվար է լինելու զրոյից ստեղծել այն, ինչի շուրջ երեսուն տարվա ընթացքում էինք ստեղծել, բայց չէին տրտնջում. նոր գծված՝ կրկնակի անգամ երկարած առաջնագիծը կահավորում էին:

«Ահագին ամրաշինական աշխատանքներ էինք արել: Հատկապես հունիսին այն կարգի շինարարություն էինք արել, որ չեք պատկերացնի:

Բլինդաժները սարքել էինք, որ եկող ձմռանը բոլորը տեղավորվեն արդեն: Հասկանում էինք, որ թշնամին չի հանգստանալու՝ մինչև մի լավ ջարդ չուտի...»,-ասում է Վահրամն ու ցավով շարունակում՝ իրենց պահած ու կահավորած դիրքերի մի մասը թշնամին զավթել է՝ նաև Վարդանենց դիրքը:

Վարդանի մարմինը սեպտեմբերի 20-ին է թշնամին փոխանցել հայկական կողմին՝ 95 մարմինների թվում:

Մարտական ընկերոջ մասին Վահրամը անցյալով չի կարողանում խոսել. Մտերիմ էին. Վարդանը դասակի հրամանատար էր, ինքը՝ տեղակալ: Համատեղ ծառայության երկար տարիների ընթացքում հասցրել էր բավականին ճանաչել Վարդանին: Ասում է՝ տեսակով նվիրվող, ընկերասեր ու անչափ համեստ էր:

Վարդան Գրիգորյանը Վանաձորից էր, ընտանիքի միակ աշխատողն էր: Ընկերոջ խոսքով՝ վերջերս էլ հիփոթեքով տուն էր ձեռք բերել, որտեղ երազում էր մեծացնել երկու անչափահաս տղաներին:

Նույն շարքից