Տնտեսություն 

ԿԲ նախագահը մինչև տարեվերջ գնաճ է կանխատեսում

analitik.am
2022թ–ի ավարտին Հայաստանում գնաճը կհասնի 10 տոկոսի։ Այս մասին այսօր հրավիրված աուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Գնաճը որոշակիորեն զսպելու համար ՀՀ կենտրոնական բանկի այսօր կայացած խորհրդի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսով՝ սահմանելով 10,5%։
«Մյուս տարվա համար մենք մեր կանխատեսումներում ակնկալում ենք, որ համաշխարհային ապրանքային շուկաներում որոշակի նվազում արդեն կսկսվի դիտվել։ Շատ դժվար է կանխատեսել պրոցեսները, որոնք տնտեսական հարթություններից դուրս են։ Օրինակ` Ռուսաստանը օրերս հայտարարեց, որ դուրս է գալիս Սև ծովով ցորենի մատակարարումների պայմանավորվածությունից։ Այդ տիպի զարգացումներ կանխատեսելը շատ դժվար է, որովհետև դրանք դուրս են տնտեսական տրամաբանությունից»,– ասաց Գալստյանը։
Այդուհանդերձ, աշխարհի զարգացած երկրներում` ԵՄ գոտում, ԱՄՆ–ում, Չինաստանում 2023թ–ի համար կանխատեսվող ցածր տնտեսական աճը, ԿԲ նախագահի խոսքով, թույլ է տալիս նաև գնաճի որոշակի դանդաղում ակնկալել։
ԿԲ նախագահի դիտարկմամբ` հայաստանյան տնտեսվարողները ևս պետք է սկսեն մտածել գները նվազեցնելու մասին` համապատասխանեցնելով գները դոլարի ու եվրոյի նվազող փոխարժեքներին։
«Հիմնական գործոնը, որ կարող է այդ գործընթացը դանդաղեցնել կամ խոչընդոտել, այս ահռելի պահանջարկն է, որը ստեծվել է միջազգային այցելուների կողմից։ Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է, խանութներում հերթեր են, այնպիսի ապրանքների ու ծառայությունների գներն են աճում, որ ես չեմ հիշում, թե Հայաստանում վերջին անգամ երբ էին թանկացել»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ, 9–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9.9 տոկոս։

Նույն շարքից