Միջազգային 

Ալիևը պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է, որն ուղարկվել է շատ հստակ օրակարգով»,- ասել է Ալիևը։

Ալիևն այս մասին ասել է՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։

Նշենք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար:

Աղբյուրը հավելում է, որ Ալիևը հանդիպման ժամանակ ասել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի հետ խոսելու գործընթացը սկսվել է»:

«Եթե չլիներ իմ կողմից հենց նոր նշած որոշ երկրների, այսինքն դրսից միջամտությունը, և եթե այս գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնք, Ադրբեջանի կարծիքով, կարող են աջակցել այդ աշխատանքին»,- ընդգծել է Ալիևը։

Նույն շարքից