Միջազգային 

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին

analitik.am

Կրեմլը հասկանում և հարգում է Թուրքիայի վճռականությունը՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով  Սիրիայում քրդերի դեմ Անկարայի հատուկ գործողությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Московский Комсомолец պարբերականից: «Դա նրա օրինական իրավունքն է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կրեմլի խոսնակը նաև բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրա խոսքով՝ դա կարող է ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը։

Միևնույն ժամանակ Կրեմլը չի համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի կատարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու իր պարտավորությունները։

«Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ՝ Սիրիայում իրադրության առնչությամբ և այն հարցի շուրջ, թե ում պարտավորությունները չեն կատարվել», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այս տարաձայնությունները բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից։«Մոսկվան գնահատում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս բաց քննարկել այդ տարաձայնությունները», - հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում օդային գործողությունը, ըստ ամենայնի, բավարար չէ, և թուրքական բանակը կարող է սկսել ցամաքային մարտական գործողություններ։

Նույն շարքից