Հայաստան 

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստան–Ադրբեջան երկաթուղու վերականգնման հարցը

analitik.am
Երախս–Մեղրի– Օրդուբադ երկաթուղու վերականգնման հնարավորության շուրջ Հայաստանը որոշ ազդակներ է ստացել Ռուսաստանից։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում ունեցած առանձնազրույցի մասին։
«ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական ու լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք ու սկսենք Հորադիզ–Մեղրի– Օրդուբադ– Սադարակ– Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ նախորդ փորձը հաշվի առնելով, չի շտապում լավատեսություն հայտնել, այլ պարզապես արձանագրում է իրողությունը։
«Այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի։ Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»,– ասաց Փաշինյանը` ակնարկելով ծրագրի վերաբերյալ միջազգային կառույցների հետաքրքրվածութոյւնն ու Հայաստանի` ներկա պահին բավական բարձր մակարդակի վարկային հնարավորությունները։
Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը ծրագրի արժեքը շուրջ 226 մլն դոլար էր գնահատել, իսկ երկաթուղու ֆինանսական եկամտաբերությունը` 5 տոկոս։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է երկաթուղու վերականգնման աշխատանքները սկսելու պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել երկու երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ու հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորածությունները հաստատող փաստաթուղթը։
Վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահն այսօր էլ հրաժարվորւմ է ստորագրել այն, մինչդեռ ինքը մշտապես պատրաստ է դրան։

Նույն շարքից