Միջազգային 

Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. «Ազատություն»

analitik.am

Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարից:

Ինչպես տեղեկացրել է Եվրամիությունում «Ազատության» դիվանագիտական աղբյուրը, կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կազմակերպելու համար նոր հանդիպում։ Նախագահ Շառլ Միշելի համար, աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։ Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։

Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Շեշտել էր՝ «Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ «Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել էր Ադրբեջանի նախագահն ու հավելել, թե Ֆրանսիան «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Երևանն ի պատասխան հայտարարեց՝ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

Այսօր էլ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է թվիթերյան գրառմամբ պնդել՝ Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. «Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ»,- գրել է նա:

Արդյոք Իլհամ Ալիևին կհաջողվի ինչպես ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի դեպքում, Ֆրանսիայի նախագահին էլ դուրս մղել բանակցություններից։

Երեկ Բաքու այցելած Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն է հորդորել Ադրբեջանին ու Հայաստանին պլանավորել հետագա բանակցությունները։ Բաքվից օրերս վերադարձած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ Թվիթերում գրել էր, թե Ադրբեջանի նախագահը հավատարիմ է Եվրամիության ֆորմատին։

Նույն շարքից