Հայաստան 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին

analitik.am

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ ընդգծելով, որ կազմակերպության աջակցությամբ արդիականացվում են Մայր Աթոռի տպարանի սարքավորումները։

Իր հերթին պարոն Քորանթեն Քլերկինն անդրադարձավ «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեությանը Միջին և Մերձավոր Արևելքում՝ ի մասնավորի Հայոց Հովվապետին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը։

Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին հետպատերազմյա մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց արցախյան 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամաբ սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինվորականների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած հայորդիների ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին»։

Նույն շարքից