Հասարակություն Պատահարներ 

Երևանում Lexus-ը 3-րդ գյուղի ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել դրանք և մոտ 7մ բարձրությունից գլխիվայր շրջվել

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան  թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող նոր կառուցված հյուսիս-հարավ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն՝ շպրտելով մի քանի մետր, ապա բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 7 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, իսկ մինչ այդ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արմեն Սարգսյանն ու Ռոբերտ Ապրեսյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն. Ստեփանյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդը կին է եղել։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Նույն շարքից