Հասարակություն 

ԱԺ-ում առաջարկվել է արգելել արտարժույթով հիպոթեքային վարկերի տրամադրումը

analitik.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Գևորգ Պապոյանը և Նարեկ Գրիգորյանը առաջարկում են արգելել արտարժույթով հիպոթեքային վարկերի տրամադրումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է պատգամավորների՝ շրջանառության մեջ դրված նախագծից: Փոփոխություններն առաջարկվում են «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում:

Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ վերջին տարիներին ֆինանսական համակարգում, հատկապես արտարժույթի շուկայում աճել են անորոշությունները, և շատ դեպքերում ՀՀ ռեզիդենտները չունենալով արտարժույթով եկամուտ, արտարժույթով հիպոթեքային պայմանագիր են կնքում և դառնում զգայուն՝ արտարժույթի շուկայի նկատմամբ: Փոփոխություններն ընդունվելու դեպքում տարածվելու է օրենքն ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի եւ դրանցից ծագած հարաբերությունների վրա, հետևաբար հետադարձ ուժ չի կարող ունենալ: Նախագիծը, սակայն դեռ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա, որից հետո նոր կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Նույն շարքից