Բարի օր Քաղաքականություն 

Անվտանգային մարտահրավերները Հայաստանի շուրջ չեն քչացել, հնարավոր է` նույնիսկ ավելացել են.Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մեկ ակնկալիքը ՀԱՊԿ-ից եղել է երկու բան` նախ ֆիքսել, թե Հայաստանում որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին, երկրորդը՝ տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սա կարեւոր է, քանի որ երբ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զորքերը առաջ եկան եւ մարտական գործողություններ տեղի չունեցան, ընդդիմությունն ասում էր՝ Հայաստանի բանակը չի կռվում, դուք ՀԱՊԿ-ից եք ակնկալիք ուզո՞ւմ. «Հետո եկավ նոյեմբերը, Հայաստանի բանակը կռվեց, եկավ սեպտեմբերի 13-ը, Հայաստանի բանակը կռվեց եւ այդ մեղադրանքը դուրս եկավ:  Մենք հիմա ակնկալում եք ՀԱՊԿ-ին, որ գնահատի, թե ինչ է տեղի ունեցել:

Հիմա շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել եւ մենք հրաժարվել ենք օգնությունից: Սա կարեւոր է պարզաբանել, այնտեղ կար մի տող` ցուցաբերել օգնություն ՀՀ–ին, այդ թվում` ռազմատեխնիկական։ Նախ` պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Բացի այդ, ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների` կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում։ Առանց հստակ քաղաքական գնահատականի Սոթք-Խոզնավարում մոնիտորինգի առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Պրահայում, օրինակ, կողմերը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի 1991-ի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստան. «Որովհետեւ եթե դիտորդին հստակ չեն ասւոմ, թե որտեղով է սահմանն անցնում, ինքը գալիս է ի՞նչը դիտարկի»:

Վարչապետը հավելեց, որ այս ամեն ինչով հանդերձ անվտանգային մարտահրավերները Հայաստանի շուրջ չեն քչացել, հնարավոր է` նույնիսկ ավելացել են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման:

Նույն շարքից