Գլխավոր Հասարակություն 

Ովքեր կարող են օգտվել անպտղության հաղթահարման պետական ծրագրից

analitik.am

Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը պարբերաբար վերանայվում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

Նրա խոսքով՝ ծրագրում ներառվել են մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի առաջնային անպտղություն ունեցող բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից: Նախկինում, ըստ նրա, ծրագրում կարող էին ընդգրկվել միայն սահմանամերձ շրջաններում բնակվողները, զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք, սոցանապահովներն ու հաշմանդամություն ունեցող կանայք:
Նունե Փաշայանը նշեց, որ այս զույգերին կտրամադրվի աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է ներարգանդային բեղմնավորման 6 փորձ և արտարգանդային բեղմնավորման 2 փորձ՝ մեկն անվճար, երկրորդը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ։

Վարչության պետն ասաց, որ եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարին լրանալը, նա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը:

Նունե Փաշայանը հայտնեց, որ առաջին անգամ պետական ծրագրից կարող են օգտվել նաև 36-42 տարեկան կանայք, որոնց համար աջակցության փաթեթը կկազմի միայն ներարգանդային բեղմնավորման փորձերը:

Ի դեպ, ըստ վարչության պետի, առաջին անգամ որպես ծրագրի շահառու ներառվել են նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը՝ 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք ունեն 1 երեխա: Փաթեթը ներառում է անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը: Սակայն, այս դեպքում հետազոտություններն անվճար չեն:

Նունե Փաշայանը տեղեկացրեց, որ անպտղության հաղթահարման անվճար ծրագրի շահառու դառնալու համար առողջապահության նախարարություն դիմելու կարիք չկա, պետք է պարզապես ընտրել համապատասխան կլինիկան, դիմել այնտեղ, իսկ մնացած թղթաբանությունը կատարվում է արդեն կլինիկայի և նախարարության միջև։

Պետպատվերը գործում է 5 կլինիկայում՝ «Շենգավիթ» ԲԿ-ում, «Աստղիկ» ԲԿ-ում, «Մոր և մանկան գիտահետազոտական ինստիտուտ»-ում (Մարգարյան հիվանդանոց), «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում և Հանրապետական ծննդատանը: Նշվեց նաև, որ տարվա ընթացքում հնարավոր է բուժկենտրոնների քանակն ավելանա։

Նունե Փաշայանը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ծնվել է 253 երեխա, միայն նախորդ տարվա ընթացքում՝ 128 երեխա:

Նույն շարքից