Գլխավոր Միջազգային 

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում զորավարժությունների չեղարկման մասին. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

analitik.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների, ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ 2023 թվականի համար նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություն անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունները չեղարկելու մասին»,- նշել են կազմակերպությունից։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները»,-հավելել են ՀԱՊԿ-ում։

Ավելի վաղ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել 2023 թվականին։ Դրանից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։

Նա պարզաբանել էր, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։

Արձագանքելով Փաշինյանի որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի շատ մտերիմ դաշնակիցը, որի հետ երկխոսությունը կշարունակվի:

«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել էր Պեսկովը։

Նույն շարքից