Ռազմական 

Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ մի խումբ զինվորականներ, այդ թվում` 8 բարձրաստիճան սպա, պաշտոնանկ են արվել

analitik.am

Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով մի խումբ զինվորականներ պաշտոնանկ են արվել. այս մասին կառավարության նիստում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են

2-րդ կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը,

2-րդ կորպուսի հրամանատարի տեղակալը թիկունքի և ԿՇԾ գծով,

2-րդ կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը,

N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը,

N զորամասի հրամանատարի տեղակալը՝ թիկունքի գծով,

N զորամասի ինժեներական ծառայության պետը,

N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը,

ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։

«Իրենց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական տրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Տեղեկացրել էինք, որ նախագահի հրամանագրով արդեն պաշտոնանկ է արվել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե խոսքն պաշտոնեական պատասխանատվության մասին է, իսկ քրեական պատասխանատվության օբյեկտները կպարզվեն գործի վարույթի ընթացքում. «Բայց ակնհայտ է, որ ամենապրիմիտիվ հակահրդեհային կանոնները չեն պահպանվել»։

Վարչապետը նաև նշել է. «Պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռևս 2020թ., պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի. ցանկացած կացարան, որտեղ մարդ է ապրում, ծառայում, հակահրդեհային կանոնները պետք է պահպանվեն»։

 

Նույն շարքից