Քաղաքականություն 

Վանոյից ուժեղ տղա չլինեք, եթե իրենք որոշեն, որ էդ մանդատը ձեզնից վերցնելու են՝ վերցնելու են. Նաիրա Զոհրաբյանն՝ ընդդիմությանը

analitik.am

«Ես գլուխս խոնարհում եմ 15 տղաների մոխրացած մարմինների առաջ, վիրավոր երեքին՝ մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Բայց ես հարց ունեմ բոլորին, ծնողներին հիմա հանգիստ եմ թողնում՝ հասկանալով նրանց վիշտը, հարազատներին, համերկրացիներին՝ բա դուք հարց չունե՞ք Նիկոլ Փաշինյանին, հարց չունե՞ք պաշտպանության նախարարին, որը դեպքի վայրում եղել է օրեր անց եւ ավելին, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ պաշտպանության նախարարը, տղաներից որեւէ մեկի հոգեհանգստին չեն մասնակցել: Լավ, բա դուք հարց չունե՞ք, երբ որ Նիկոլը հայտարարում էր, որ մենք փողի խնդիր չունենք, պատերազմից հետո ինչքա՞ն ժամանակ ունեիք առաջնագիծը կահավորելու համար, Նիկոլի ուսապարկերը հայտարարում են, որ առաջնագիծն առավելագույնս կահավորված է»,- «Հայելի» ակումբում այսօր խոսելով Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգության մասին, ասաց  «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը, երբ բանակում սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը, ով արդարացիորեն ցանկանում էր տղայի մահվան հանգամանքները իմանալ, իր պնդմամբ՝ «սորոսական» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դրդմամբ, տղայի դիակը Սեւանից բերում էին Հանրապետության հրապարակ՝ Սերժ Սարգսյանից պատասխան պահանջելու:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խորհրդարանում, արդեն վարչապետի պաշտոնում, թե «Սերժի ժամանակ կանսերվի բանկեքի շխկշխկոցն էր գալիս»՝ մատնանշելով այսօրվա առաջնագիծ կոչվող տարածքները եւ զորամաս կոչվող կացարանները ու նկատելով, որ «նախկինների» ժամանակ այն, ինչ արվել էր առաջնագիծը կահավորելու համար, դրան ոչինչ չի ավելացվել, այլ քանդվել է, այն պայմաններում, երբ  «հսկայական գումարներ են ստացվել «Հայաստան» հիմնադրամում՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից»:

Առաջնագիծը կահավորելու Նիկոլ Փաշինյանի միակ քայլն, ըստ Նաիրա Զոհրաբյանի եղել է այն, որ դեռ 2021 թվականի մայիսի 12-ից, ադրբեջանական զորքերը 100 քառակուսի կիլոմետր մտել են ՀՀ տարածք ու հիշեցրեց դեռ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, անթույլատրելի է զիջումները, քանի որ զիջումներ անելով, մենք Ադրբեջանին կմոտեցնենք ՀՀ տարածքին: Իսկ արդեն մի քանի տարի հետո, ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ ինքը պատրաստ է գնալ զիջումների, բայց Ալիեւը պետք է ասի, թե ո՞րն է սահմանը:

«Բա դուք հարց չունե՞ք Նիկոլ Փաշինյանի թավշյա խունտային, որ այն օրը, որ ձեզ հանձնել է ձեր ոսկրացած որդիների դիերը, այդ օրն, Իջեւանում, ըստ հավաստի տեղեկությունների, փարթի էին անում: 18 տարեկան մոխրացած դիակների վրա նրանք քոչարի են պարել, նրանք տրնգի են բռնել»,- զոհվածների ծնողներին ու հարազատներին դիմեց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով նաեւ, թեզը, որ «Արցախը տանք, որ մեր որդիները չզոհվեն», Կոթիում, Ջերմուկում, Վարդենիսում, նոյեմբերյանում ապահով ծառայեն ու հավելեց, որ եթե այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանին հարցեր չունենք, եթե մտածում ենք, որ «սա մեր ցավն է ու մեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում»,  ապա «ձեր որդիները նաեւ Երեւանում, նաեւ Կասկադում են զոհվելու»:

Նաիրա Զոհրաբյանը համամիտ է դասակի հրամանատարի այն տեսակետի հետ, որ «բանակում բարդակ է ու դրա մեղավորը բոլորն են՝ վերից վար»: Ստեղծված իրավիճակի համար, Նաիրա Զոհրաբյանը մեղադրեց նաեւ ընդդիմությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար ու զայրացավ, որ այժմ էլ չեն գնում խորհրդարան եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցախեղդ չեն անում Նիկոլ Փաշինյանին.

«Էդ «կրուտիտը», որ իբր արհամարհում եք Նիկոլին, կգնաք կկախեք ձեր շքամուտքի Վարդուշիկների եւ Հայկուշիկների ականջին: Ես շատ լավ գիտեմ՝ ինչո՞ւ չեք գնում Նիկոլի հետ առերեսման. այս պահին չեմ խոսելու՝ Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու համար, բայց գալու է օր, այդ մասին անպայման խոսելու եմ»: Իր կարծիքով, մեզ այսօր պետք է նոր որակի ընդդիմություն. «Պարոն Օհանյան, Դուք վատ չե՞ք զգում, երբ ինչ-որ մի լածիրակ ձեզ ասում է՝ էդ եկել եք քվեարկեք, որ քվեարկությունների թիվը լրացնեք, որ աշխատավարձից ու պրեմյայից չզրկվեք. բա ամո՞թ չի, Իշխան Սաղաթելյանն էլ, շպրտեք էդ մանդատը, ինչի՞ եք կպել էդ մանդատներից: Վանոյից ուժեղ տղա չլինեք, եթե իրենք որոշեն, որ էդ մանդատը ձեզնից վերցնելու են՝ վերցնելու են: Բա ձեր վաստակն արժե՞»:

Նույն շարքից