Միջազգային 

Թուրքիայում չեն բացառել ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ից դուրս գալը

analitik.am

Թուրքիան կարող է հինգ-վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։ Նման կարծիք է հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Իրադարձությունները մեզ ստիպում են նման գործողությունների գնալ, ՆԱՏՕ-ն մեզ ստիպում է դա անել իրենց սադրանքներով, նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին։ Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից: Նրանք փորձում են մեզ ներքաշել Մերձավոր Արևելքի հորձանուտը։ Եվ վերջապես, դուք տեսաք Ղուրանի դեմ գործողություններ Շվեդիայում և Նիդեռլանդներում (նկատի ունի Ղուրանի հրապարակավ այրման դեպքերն այդ երկրներում)»,- նրա խոսքերն է մեջբերում Aydinlik թերթը։

Մինչդեռ հունվարի 19-ին թուրքական «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել էր «Լքենք ՆԱՏՕ-ն» համազգային քարոզարշավի մեկնարկը՝ երկրի իշխանություններին կոչ անելով դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն ասել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի համար»։

Նույն շարքից