Միջազգային 

Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա․ Ռաիսին՝ Ալիևին

analitik.am

Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է IRNA գործակալությունը։

Ռաիսին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովի մահվան կապակցությամբ, և մաղթել է տուժածներին շուտափույթ ապաքինում։

Իրանի կառավարության ղեկավարը նշել է, որ հարձակման մասշտաբները հետաքննում են համապատասխան մարմինները։

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները «թույլ չեն տա, որ երկու երկրների հարաբերությունները խաթարվեն թշնամիների կողմից»։

Շնորհակալություն հայտնելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռաիսիին ցավակցելու համար՝ Ալիևն ասել է. «Սա անսպասելի հանցագործություն էր, սակայն երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում պետք է լինի այնպիսին, որ ոչ ոք նման միջադեպերի պատրվակով չկարողանա խախտել երկու երկրների բարեկամական հարաբերությունները»։

Հիշեցնենք, որ հունվարի 27–ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, իսկ ևս մեկ անձ վնասվածքներ էր ստացել։

Կատարվում է հետաքննություն։

Նույն շարքից